Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Փոխհավտող կամարներ

         Փոխհատվող կամարները  հայկական ճարտարապետությանը բնորոշ կառուցվածքային հնարքներ են՝ տարածության մեջ երկու կամ ավելի թվով փոխադարձաբար հատվող կամարներ, որոնցով ստեղծվում է ծածկի համար հենարան ծառայող կոշտ և կայուն համակարգ։
        Փոխհատվող կամարների մասին հայտնի վաղագույն հիշատակությունը պատկանում է Անանուն Արծրունու և վերաբերում է Աղթամար կղզում Գագիկ Արծրունի թագավորի 10-րդ դարի սկզբին կառուցված պալատի ծածկին։ Փոխհատվող կամարների համակարգն իր կառուցվածքային–ճարտարապետական կատարելությամբ 10–11-րդ դարերում Հայաստանում արդեն առկա էր։ Կիրառվում են քառակուսի հատակագծով կամ միջանկյալ ազատ կանգնած զույգ հենարանների օգնությամբ դրան բերված շինությունները ծածկելու համար։
       Փոխհատվող կամարները դասակարգվում են ըստ միմյանց հետ հատվող կամարների քանակի։ Երկու կամարանոց տարբերակում փոխհատումը կատարվում է մեկ կետում, կամարներն ունենում են անկյունագծային կամ պատերին ուղղահայաց դասավորություն, կիրառվում են ոչ մեծ մակերեսներով շինությունները ծածկելու համար։ Չորս կամարանոց տարբերակում, շինության յուրաքանչյուր կողմում, գերազանցապես որմնամույթերի կամ որմնասյուների վրա հենվող երկուական կամարներ խաչաձևվում են իրար հետ՝ ծածկը բաժանելով ինն մասի։ Այդ ուշագրավ տարբերակը լայն կիրառություն է ունեցել միջնադարյան գավիթներում, գրատներում, սեղանատներում ( Հաղպատ, Հաղարծին ), եկեղեցիներում (Գեղարդի վիմափոր, Զորադիրի Սուրբ Էջմիածին) և այլն։ Ծածկի կենտրոնական քառակուսի մասն ունենում է երդիկ, անցումը հիմքի քառակուսուց երդիկի շրջագծին կատարվում է փոխհատվող կամարների համակարգի կրկնակի կիրառումով, հազարաշեն ծածկի սկզբունքով, շթաքարերի օգնությամբ և այլն։ Վեց կամարանոց տարբերակում կամարները, զույգ–զույգ միանալով կրունկի մասում, կազմում են վեցաթև աստղ, իսկ միջին մասում՝ հավասարակողմ վեցանկյունի (Խորակերտի եկեղեցի, Մակարավանքի, Խորանաշատի, Նեղուցի գավիթներ)։ Փոխհատվող կամարների հնարքը կիրառվել է նաև խորհրադային  ճարտարապետության մեջ՝ Հաղթանակի հուշարձանը Երևանում, Սարդարապատուի հուշահամալիրի սեղանատուն (ճարտարապետ Ռ․Իսրայելյան), ՀՀ ԳԱ նախագահության նիստերի դահլիճ (ճարտարապետ Ս․Սաֆարյան) և այլն։

Նյութը ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, հ․12, էջ 358: 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 661616
  • Բոլոր այցելուները: 48506
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.224.56.126
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52