Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Րաֆֆու «Կարապի երգը»։ Սամվել

       1887 թ. դեկտեմբերի 27-ին «Արձագանքի» վերջին հա­մարում ավարտվում է «Սամվելի» տպագրությունը։ 1888  թվականի փետրվարին վեպը լույս է տեսնում նաև աոանձնն գրքով։
     «Սամվելը» պատմական վեպ է. գեղարվեստական մեծակտավ ստեղծագործություն։ Հեղինակի համար փաստա­կան աղբյուր է եղել Փավստոս Բյուզանդի «Հայոց պատ­մության» այն խոսքերը, որ «Սամաէլ, էհար սատակեաց զՎահան զհայր իւոր եւ զՈրմիզդուխտ զմայր իւր.»։ Այս և ուրիշ մի քանի կցկտուր տեղեկությունների հիման վրա      Րաֆֆին տաղանդի հախուռն թափով գրում է ստվարածա­վալ մի վեպ, որը եղել ու մնում է մեր գեղարվեստական արձակի սյուներից մեկը։
Դժվարին ու հուսահատական էր հայ ժողովրդի ճակա­տագիրը հինգերորդ դարում։ Բյուզանդիան ու Սասանյան Պարսկաստանը՝ երկու հզոր հարևաններ, ձգտում էին կլանել ու ոչնչացնել Հայաստանը։ Հայ ժողովուրդը պետք է պայքարի ելներ այնպիսի մի ժամանակ, երբ ներքին պառակտումների հետևանքով քայքայված ու ջլատված էին երկրի ուժերը։ Նախարարների մեջ չկար միասնություն,  ոմանք ցանկանամ էին ընդունել հունաց տիրապետությանը և հարկատու լինել նրանց, իսկ մյուսները ձգտում էին եր­կիրը  դնել  պարսից  գերիշխանության  տակ։   «Շապուհը,—գրում էր Րաֆֆին,— կամենում էր ընդմիշտ– վճոել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում էր»։ Շապուհին անհանգստացնող խնդիրը հայ ժողովրդի  ֆիզիկական գոյությունն էր, ազգային ինքնուրույնաթյունը: Քաղաքական ծանրր խնդիրը, որը ցանկանում էր վճռել նա,  վերաբերում Էր այդ երկու գործոնների վերացմանը՝ ժողորդի ձուլմանը։ Շապուհը գալիս էր բնաջնջելու ժողովրդին և ոչնչացնելու հայոց լեզուն, կրոնն ու կուլտուրան, գա­լիս էր դրանց միաձուլելու իր երկրի մեջ։
            Ծանր ու հուսահատական էր դրությունը, չկար երկրի տերը, չկար քահանայապետը։ Մերուժան Արծրունին ու  Վահան Մամիկոնյանը, գործիք դաոնալով օտար նվաճողի, ձեռքում՝ պարսից զորքերի գլխավորությամբ, գալիս էին ի կատար ածելու արքայից արքայի ցանկությունը, հայրենի երկրի ավերակների վրա հիմնելու պարսից տիրապետու­թյանը։
          Սպառնացող վտանգը համախմբում է  հայրենանվեր ուժե­րին, Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Սամվելն ու Մու­շեղը երկիրը ծանր դրությունից դուրս բերելու ելք էին որո­նում։ Հույսը դնելով բացաոապես ներքին ուժերի վրա, նրանք կոչ են անամ ժողովրդին համախմբվել կենտրոնա­կան իշխանության շուրջը և պահպանել մայրենի լեզուն , կրոնն ու կուլտուրան։
        Այս դրությունն Էր տիրում երկրում, երբ վեպի  հերոսը՝ Սամվելը,    դուրս  գալով  Ողական ամրոցից,  գնամ Է  «դի­մավորելու»   իր   հորը՝   Վահան   Մամիկոնյանին  և  քեռուն՝ Մերուժան Արծրունուն,  որոնք գալիս էին ոչնչացնելու այն, ամենը, ինչ նվիրական էր  հայ ժողովրդի  համար։ «Իմ եղ­բայրները այժմ  պարսկերեն են    խոսում,— դառնությամբ՝ ասում է Սամվելը,— հայոց լեզուն հալածված է  մեր տնից։ Ամեն տեղ ոչնչացվում են  հայոց գրքերըորպեսզի պարսից  լեզուն և դպրությունը տարածեն Հայաստանում ։ Եվ  այս բոլորը կատարվում Էր մի մարդու ձեռքով, որի արդին էր  ինքը։  Նա տեսնում էր  ավերված  գյուղերն ու մոխրակույտի վերածված քաղաքները։ Ճանապարհները ամայա­ցած էին, չէր երևում գյուղացին՝ աշխատավոր մշակը, լռել էր նրա երգը։ Կարծես երկրով խորշակ էր անցել, հետևից թողնելով ավերիչ հետքը։ Տեսնում է այս բոլորը Սամ­վելը, և նրա մեջ եռ են գալիս հայրենասիրական կրքերը։ Նրա աոջև կանգնում են երկու նվիրական անուն՝ հայրը, որին սիրում էր որդիական սիրով և հայրենիքը, որ կոր­ծանվում էր իր իսկ հոր ձեոքով։ Հայրենիքի ազատագրումը  Րաֆֆին համարում է սրբազան գործ, որի համար «որդին չպետք է խնայի  յուր  հորը և ծաոան յուր տիրոջը»։
           Հայր ու որդի բախվում են որպես ախոյաններ։ Իշխանաց կղզում Սամվելը սպանում է հորը, մաքրագործելով Մամիկոնյան տոհմի արատավորված պատիվը և կատա­րում իր պարտքը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ։
         «Սամվելում» ամեն ինչ ի սպաս է դրվում հայրենիքի ազատագրությանը... կանացի սերը դուրս գալով իր սովո­րական շրջանակներից, միաձուլվում է տիրապետող զգացման՝ հայրենասիրությանը։
       Րաֆֆին լավ ու ճիշտ է ըմբռնել դարաշրջանի հիմնա­կան հարցը։ Համախմբելով ժողովրդին, հայրենասերները կոչ են անում հենվել սեփական ուժերի վրա, պայքարել ընդ­դեմ ճնշման, բոնության ու ապաազգայնացման, հանուն «մարդկային իրավունքի», մայրենի լեզվի ու կուլտուրայի պաշտպանության։
        Վեպում հաղթանակում են հայրենասիրական ուժերը, որովհետև իրենց քաջության ու ռազմական հմտության հետ մեկտեղ վայելում են ժողովրդի համակրանքը, արտահայ­տում են նրանց իղձերը։ Մերուժանը պարտվում է ոչ թե նրա համար, որ ավելի նվազ զորավար էր, քան Մուշեղն ու Սամվելը, այլ որովհետև նրա պայքարն ուղղված էր ժողովրդի և նրա ամենանվիրական զգացմունքների՝ ապազ­գայնացման դեմ։
« Սամվելում» Րաֆֆին դրվատում է ազգային անկախ պե­տականության գաղափարը և արվեստագետի հզոր ուժով ատելություն է սերմանում այդ պետականությանը անհնա­զանդ ուժերի, դավաճանների և ամեն տեսակի օտար նվա­ճողների դեմ։
        Ճիշտ է, «Սամվելը» պատմական վեպ է,  բայց այն միաժամանակ արդիականության հարցերի պատասխանն էր, որ տալիս էր գրողը։ Վեպում արտահայտված գաղափարների ներքին իմաստը ամբողջովին ուղղված է հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող ապաազգայնացման քաղա­քականության դեմ. Ալեքսանդր Երրորդի ձեռնարկած սահմանափակումները , եկեղեցական իրավունքների կրճատումը, դպրոցների փակումը։ Րաֆֆուն խորին ցավ էր պատ­ճառում, որ այդ քաղաքականությունը տարվում էր Մակար կաթորիկոսի միջոցում որը թերևս ակամայից, բայց և այն­պես գործիք էր դարձել ցարիզմի ձեոքում։ Հայկական դպրոցների փակման մեջ Րաֆֆին տեսնում էր ազգային կուլտուրային սպաոնացող վտանգ։ Ահա այս քաղաքակա­նության և պարսիկների գործադրած միջոցառումների մեջ է, որ վիպասան Րաֆֆին կարողանում է ի հայտ բերել «մի զարմանալի նմանություն»։ Ալեքսանդր Աբելյանին ուղղված նամակում նա գրում է. «Մեր այժմյան դրությունը նույն դրությունն է, ինչ որ էր չորրորդ և հինգերորդ դարերում»։ Պատմությունից վերցված օրինակով վիպասանն աշխատում էր կրթել և ուղղություն տալ իր օրերի մարդկանց։ Պատմա­վեպը կրթողական մեծ նշանակություն ունի ընթերցողի հա­մար, «երբ նա տեսնում է յուր նախնյաց մեծագործություն­ները և աշխատում են հետևել նրանց առաքինություններին, տեսնում է և նրանց մոլորությունները, աշխատում է հեոու պահել իրեն նրանց կատարած սխալներից»։
           80-ական թվականներին շատ բան էր փոխվել ցարիզմի կողմից տարվող քաղաքականության մեջ։ Ուստի և միան­գամայն տրամաբանական էր վիպասանի այն մղումը, որ նա ցանկանում էր «Սամվելի» միջոցով իր ընթերցողներին «... Նոր մտքեր տալ և նոր գաղափարների հետ ծանոթացնել»։ «... «Սամվելը» այդ իսկ նպատակով գրված է,— ասում է Րաֆֆին. Ալեքսանդր Աբելյանին,— թեև նա պատմական վեպ է»։
          Որեմն,   պատմական անցյալը  վեպի   նյութ դարձնելով, Րաֆֆին ոչ թե  հեռանում էր     իրականությունից,    ինչպես կարծում են ոմանք, այլ, ընդհակառակը, միջոց էր դարձնում  նույն այդ իրականաթյան   հետ   կապվելու  համար։  Ի դեպ, «Սամվելը» հենց այդպես էլ ընկալվեց ընթերցողների կողմից, թեև հեղինակը որոշ մտավախություն ուներ, որ հա­յերը «տակավին պատրաստված չեն մի լուրջ և ծանր բան կարդալու»։   Բայց   ընթերցողները    շատ    լավ    հասկացան «Սամվելի» միջոցով Րաֆֆու արտահայտած գաղափարնե­րի    նաև   ներքին   իմաստը։        «Սամվելի»  հայրենասիրական  ոգին  ու     հերոսականու­թյունը, խանդավառվող ոճն ու պատկերավոր լեզուն վեպին հմայք են տալիս,  հեղինակի  գաղափարներին՝ կենդանաց­նող շունչ։ Ամեն ինչ խոսում է, շարժվում, ոգևորում վարա­րուն գետի նման, իր հետ տանելով նաև ընթերցողին։ Բնու­թյան  ու  բնական  երևույթների   նկարագրությունը   թովչանք ու սարսուռ է առաջացնում, կիսատ թողնված միտք լարում, հոգեպես տրամադրում է ընթերցողին։ Չխամրող գույներով են նկարագրված Արարատյան դաշտի առավոտը, Տարոնը, Արտասուքի   աղբյուրը,   Արաքսի   որոգայթները,   Իշխանաց կղզին...  Ազդու պատկերների միջոցով ահ ու զարհուրանք է՝ առաջացնամ «խավարի մեջ ընկղմված» Տարոնի գիշերը, որոտացող  Արածանին՝  «պղտոր     հորձանքներով»,     Անուշ բերդն «իր այլանդակ ու հրեշավոր կերպարանքով» և այլն։ Րաֆֆին  հատուկ  ուշադրություն է դարձրել «Սամվելի» լեզվի   պարզության,   գեղեցկության   ու   մաքրության   վրա։ «Ես ցույց կտամ իմ լեզուն ձախ ու ծառը քննադատող պա­րոններին,— ասում էր  նա,— որ  Րաֆֆին գիտե գրաբար, գուցե ամենից լավ»։ Նրա ջանքերը ապարդյուն չեն անցել։ Շիրվանզադեն  արևելյան  աշխարհաբար     գրական    լեզվի հիմնադիրը համարում է Րաֆֆուն։ Ինչպես երևում է Ռ. Բերբերյանի   արած  մեջբերումից,   Րաֆֆին    Ռ.   Պատկանյանի խորհրդով աշխատել է,  որ     «Սամվելի»  գործող    անձինք «չխոսեն միևնույն լեզվով ու ոճով՝ այլ ըստ  իրեննց կրթության ու միջավայրի» ։ Կերպարների տիպականացումը «Սամվելում» վիպասանը հասցրել է այնպիսի աստիճանի, որ պատմական անձնավորությունները իրենց հոգեբանու­թյամբ ու ավարտված նկարագրով կանգնում են ընթերցո­ղի առջև։
          «Սամվելի» յուրաքանչյուր էջից բխում է ազգային ար­ժանապատվության գաղափարը, ամենուրեք երևում է ժա­մանակաշրջանի հոգեբանությունը, հավատալիքները, կենցաղն ու կուլտուրան։
         Չնայած Րաֆֆոլ մտավախությանը, այնուամենայնիվ, «Սամվելը» ունենում է արտակարգ հաջողություն, որի քաղց­րությունը տևականորեն վայելելու բախտը վիճակված չէր հեղինակին։ Նա չտեսավ, թե ընթերցողները ինչպիսի ոգևորոլթյամբ ընդունեցին իր վերջին ստեղծագործությունը։ 1888 թվականի ապրիլի 7-ին «Նոր դարում» .հրապա­րակված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ նախ­կին Արծրունու  թատրոնում, կիրակի օրը, դերասաններ Տեր– Դավթյանն ու Սարգսյանը «կենդանի պատկերների միջոցով» պետք է ներկայացնեն Րաֆֆու «Սամվել» պատմավեպը։ «Կենդանի պատկերները,— ասված է հաղորդագրության մեջ,—  կդնե  նկարիչ պ.   Գ.   Բաշինջաղյանը»։
          Ըստ նախնական պայմանավորվածության, Րաֆֆին պետք է մասնակցեր «Սամվելի» ներկայացման հանդեսին, ակայն օր-օրի առաջացող հիվանդությունը նրան զրկում Է այդ հնարավորությունից։
          1888 թվականի ապրիլի 10-ին Արծրունու թատրոնում հանդիսավոր պայմաններում իրականացվում է «Սամվելի» «նկարչական բեմականացումը» Գ. Բաշինաղյանի ձեռ­նարկած «կենդանի պատկերների միջոցով»։ «Տեղային հայ դերասանները,— ասված է «Արձագանք» շաբաթաթերթում այս առիթով հրատարակած հաղորդագրության մեջ,— նկա­րիչ պ. Բաշինջաղյանի ղեկավարությամբ ներկայացրին կենդանի պատկերներ պ. Րաֆֆիի «Սամվել» պատմական վեպից»։
            Ուղղակի փաստերի բացակայաթյան հետևանքով մեզ չհաջողվեց անհրաժեշտ խորությամբ պարզաբանել, թե ի՞նչ  է նշանակում «կենդանի պատկերների միջոցով» «Սամվելը» բեմականացնելու առարկայական իմաստը։ Ըստ հրապա­րակված հաղորդագրության, Գ. Բաշինջաղյանի ստեղծած այդ «կենդանի պատկերները շատ հաջող էին դրված.... Սկզբից մինչև վերջ հանդիսականների առջև հաջորդաբար, անցնում էին վեպի տեսարանները՝ համաձայն բովանդա­կության»։
         Այս կցկտուր տեղեկության վրա երբ ավելացնում ենք մեր ունեցած հաջորդ փաստը, ապա փոքր -ինչ հստակու­թյուն ՛է մտնում բեմականացման պատմության մեջ։ «Արծրունու թատրոնում,— պատմում է իր հուշերում Հ. Մովսիսյանը,— Րաֆֆիի «Սամվելը» պիտի ցուցադրեին կենդանի, պատկերներով, որովհետև կաոավարական գրաքննությունը՛ թույլ չէր տալիս խաղալու... կենդանի պատկերները,— շա­րունակում է նա,— բենգալյան կրակով շատ հաջող էին և  շլացացիչ ու ոգևորիչ ազդեցություն գործեցին։ Ամբողջ  թատրոնը դղրդում էր ծափերից ու ոտքերի հարվածներից։  Ժողովուրդը սկսում է պահանջել Րաֆֆիին։ Հուշագրողի  փաստերը որոշակի են դարձնում, որ «Սամվելի» բեմադրու­թյունը կառավարության կողմից թույլ չտալու պատճաոով Բաշինջաղյանը այդ գործը իրականացրել է ոչ թե դերա­սանների երկխոսության, այլ նրանց կենդանի գործողու­թյունների միջոցով։
         Պետք է ենթադրել, որ նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը դերասանական անխոս խաղը ավելի լայն աոումով, միա­վորել է նկարչական արտահայտչամիջոցների հետ և իրար հաջորդող կենդանի պատկերների միջոցով բացահայտել է վեպի բովանդակությունը այնպիսի հաջողությամբ, որ  հանդիսականները ծափերի դղրդյունով են ընդունել «Սամ­վելի»   այս   յուրահատուկ   բեմադրությունը։
        1888 թվականի ապրիլի 10-ին, երբ Արծրունու՝ թատրո­նում բեմականացվում էր «Սամվելը», Րաֆֆին, ինչպես ասացինք, հիվանդության պատճաոով հանդեսին ներկա գտնվել չէր կարող, այսուհանդերձ, ներկայացման հաջո­ղության և ժողովրդի ընդունելության լուրը հասնում է նրան։
        Իր բարեկամի՝ նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, ջանքերի  շնորհիվ «Սամվելի» բեմ բարձրանալը նրա վերջին ուրա­խությունն  էր՝  վերջին  մխիթարությունը։
«Սամվելի» բեմադրությունից մեկ շաբաթ անց, Րաֆֆին կարծես թե ապաքինվում է և ելնում ոտքի։ Ապրիլի 20-ին վիպասանին այցելող բարեկամները նրան տեսնում են պատշգամբում, իր այնքան սիրած  ծաղիկները  ջրելիս։
—   Այդ ի՞նչ եք անում,— ասում    է    Շիրվանզադեն,—կմրսեք։
—   Ոչ, ես դեռ մի քանի տարի էլ ապրելու եմ, թող որ թշնամիներս պայթեն,— հանգիստ ու անվրդով պատաս­խանում է նա՝ շարունակելով իր գործը։
Ապրիլի 23-ին Րաֆֆին նորից ընկնում է անկողին, սա­կայն այս անգամ նրան վիճակված չէր ոտքի կանգնել։
      Ապրիլի 25-ին վախճնվում է Րաֆֆին, սգի մեջ թողնե­լով մի ամբողջ ժողովուրդ։ Դա իրոք մի համաժողովրդա­կան սուգ էր։ Նրա մահվան բոթը արագությամբ տարած­վում է երկրի բոլոր կողմերում՝ խորին վիշտ պատճաոելով ամենքին։
 
Խ. Սամվելյան, Րաֆֆի, Ե, 1987։
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 721059
  • Բոլոր այցելուները: 53122
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 54.163.42.154
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52