Խաչքարեր

You are here

Մաթևոս Մամուրյան

       1830 թ. նոյեմբերի 17-ին հայաշատ Զմյուռնիա քաղաքում, Նոր Ջուղայից այստեղ գաղթած Հովհաննեսի գերդաստանում ծնվեց նրա ավագ որդին, որին Մատթեոս անուն տվեցին։ Մանկան յոթ տարին չբոլորած, նյութական զրկանք­ներից և խոլերայի համաճարակից փրկվելու հույսով, ընտանիքը տե­ղափոխվեց Ալեքսանդրիա։ Տեղաբնակության փոփոխության պատճա­ռով, մինչև ինը տարեկան, Մատթեոսը զրկվում է դպրոց հաճախելու հնարավորությունից, սակայն, շփվելով տեղացիների հետ, սովորում է արաբերեն։ 1839 թ. ընդունվելով Ալեքսանդրիայի հունական վարժա­րանը, սովորում է նաև հունարեն։
        Զավակներին հայեցի կրթություն տալու հոգսը մտատանջում էր միշտ աստանդական ցուպը ձեռքը պահած աշխարհաշրջիկ հորը։ Ուս­տի, խնայած կոպեկներով, նա իր ընտանիքը վերադարձնում է Զմյուռ­նիա, որդուն կրթության տալով տեղի Մեսրոպյան վարժարանում։
         Դպրոցը բարձր համարում ուներ։ Դեռևս 1850 թ. Գաբրիել Պատկանյանը Մեսրոպյանի մասին գրում էր. «Միայն Իզմիրի մեջ է հայի ազգային վարժարանը, ուստի հառաջացելեն և տակավին հառաջանում են, և այսուհետև ևս պիտի հառաջանան ուսումնասեր հայք, լեզվագետ հայք, իմաստասեր հայք, աստվածաբան հայք, բանաս­տեղծ հայք, ճարտարախոս հայք, հայկաբան հայք, ազգասեր հայք և ընդհանրապես երկու աչոք լուսավորյալ հայք»։ Մատթեոսը գերազանցեց բոլոր այն նախորդներին, որոնք ավարտել էին այդ վարժարանը։
          1845 թ. Զմյուռնիայում բռնկված հրդեհին, հազարների հետ միա­սին, զոհ գնաց նաև Հովհաննեսի ունեցվածքը։ Անօթևան մնացած երեխաների խմբի մեջ էր Մատթեոսը, որոնք հոնիական ջրերն առափնող նավահանգստում անցուդարձող նավերից կոպեկներ էին մուրում։ Նա գիշերում էր ծովափին, բաց երկնքի տակ, որտեղ և պատահաբար ընկավ այն նավը, որը գաղթաշխարհից հավաքած հայ աշակերտներ էր տանում Պադուա՝ Մուրադյան վարժարանում կրթություն տալու։ Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանում Մամուրյանը տիրապետեց հայագիտության հիմնական սկզբունքներին, կատարե­լագործվեց գրաբարի իմացության մեջ, սովորեց ֆրանսերեն, անգլե­րեն, իտալերեն լեզուները, լրջորեն ծանոթացավ ժամանակի գիտության հիմունքներին, գաղտնաբար կարդաց եվրոպական առաջավոր մտա­ծողների գործերը, տարվեց Վոլտերի, Դիդրոյի, Ռուսսոյի գաղափար­ներով։
          1850 թ. Մամուրյանն ավարտեց Մուրադյան վարժարանը։ Ֆրան­սիական ականավոր բանաստեղծ ու պատմագետ Լամարթինը հիա­ցած էր Մատթեոսի ավարտական քննություններով, հատկապես եվրո­պական լեզուների նրա իմացությամբ, ուստի ոչ միայն դափնե պսակով զարդարեց սանի ճակատը, այլև տվեց երկրորդ աստիճանի մրցանակ։ Արևմտյան առաջավոր գաղափարներով զինված, ֆրանսիական հե­ղափոխության վառոդի հոտն առած շրջանավարտը, գործելու մեծ վճռականությամբ, վերադարձավ Զմյուռնիա։ Հայրենի քաղաք ոտք դնելու առաջին օրից նա սկսեց պայքարը սուլթանական բռնատի­րության, կղերաֆեոդալական ռուտինայի, եվրոպական գաղութատի­րության դեմ։ Երիտասարդ գործիչն այստեղ հաջողություն չունեցավ։ Նրա դեմ սկսվեց հալածանք, ծայր առան հետապնդումներ, որոնցից ձանձրացած, 1853 թ. նա տեղափոխվեց Կ. Պոլիս և զբաղվեց ուսուց­չությամբ։
           1856 թ. հայ ամիրաներից Ճիզրաիլյանը հրավիրում է Մամուրյանին, նշանակում իր եվրոպական առևտրական գործերի կարգավորող, ապա քարտուղար-թարգմանչի պաշտոն տալով, միասին ուղևորվում են նախ՝ Մալթա, ապա՝ Լոնդոն։
          Բրիտանական մայրաքաղաքում «տիրոջ» գործերը կարգավորե­լուց հետո, միշտ սովորելու տենչով վառվող Մատթեոսը թույլտվություն է ստանում իբրև ազատ ունկնդիր մասնակցելու Քեմբրիջի համբավա­շատ համալսարանի դaսախհսություններին։ 1856-1857 թթ. նա Լոն­դոնում էր, այդ ընթացքում ոչ միայն կատարելագործվեց անգլերենի իմացության մեջ, այլև հիմնավորապես հետազոտեց անգլիական դասական քաղաքատնտեսությունը, բնագրով կարդաց հայ և հույն ժո­ղովրդի մեծ բարեկամ Բայրոնի ստեղծագործությունները, իր բառերով ասած՝ «կռվամարտեց Ադամ Սմիթի, Ռոբերտ Օուենի, Դավիթ Ռիկար­դոյի հետ»։ Իբրևճիզրաիլյանի թարգմանիչ, նրան բախտ է վիճակվում մասնակցելու բրիտանական համայնքների պալատի նիստերին, ակա­նատես լինելու բուրժուական պառլամենտական համակարգին, հաս­կանալու այդ հասարակարգի ծոցում վաղուց ի վեր բույն դրած հա­կամարտությունների առաջացման հիմնապատճառները։
         Թողնելով մառախլապատ ու գեղատեսիլ Թեմզայի ափերին վարձ­ված առանձնատունը, որոշ դրամ վաստակած լինելով, Մամուրյանը որոշեց շրջել եվրոպական մայրաքաղաքներում, ուսումնասիրել քա­ղաքակիրթ աշխարհը, «լավը վատից ջոկելու, հայ ժողովրդի անորոշ ապագան կանխորոշելու մտադրությամբ»։
          1858 թ. նա այցելեց Փարիզ, ապա անցավ Վիեննա, Հռոմ, երկու ամիս եղավ Վենետիկի ս. Ղազար կղզում, գործարար կապեր հաստա­տեց Մխիթարյան հայագետների հետ։
          Մամուրյանն այրվող հետաքրքրությամբ ուզում էր ծանոթանալ Ռու­սաստանում տիրող հասարակական համակարգին, տեսնել այն երկիրը, որի հետ այնքան հույսեր էին կապել հայ պետական գործիչները։ 1859 թ. նա ժամանեց Պետերբուրգ, իբրև ազատ ունկնդիր երեք ամիս մասնակցեց ցարանիստ քաղաքի համալսարանի դասախոսություններին, փորձեր արեց սովորելու ռուսաց լեզուն, շփումներ ունեցավ տեղւ ապա Կազանի համալսարանի հայագետների հետ։
          1860 թ. Մամուրյանը վերադառնում է Կ. Պոլիս, վերադառնում է գիտական մեծ պաշարով, վերադառնում է Թեմզան, Սենան և Նևան իրար հետ համեմատած և ստանձնում հայոց պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները։ Օսմանյան մայրաքաղաքում նա պաշտպանում է պանդուխտների շահերը, գործնական մասնակցություն ունենում սահմանադրական պայքարին, դառնում «Բարեգործական» ընկերության հիմնարար անդամներից, նրա հանձնարարությամբ մե­ծագումար դրամ հանգանակում և ուղարկում ապստամբ Զեյթունի անընկճելի արծիվներին։
         Այստեղ նա ծանոթանում և մտերմանում է Կ. Պոլսի և հանուր հայ իրականության մեջ հրատարակվող պարբերականների խմբագիրների հետ, որոնց թերթերի էջերում հրատարակում է հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ, ճանապարհորդական տպավորությունները։ «Մասիս», «Մեղո», «կիլիկիա», «Կռունկ հայոց աշխարհի» և այլ հան­դեսների էջերում զետեղված Մամուրյանի բազմաթիվ հոդվածներն ատաղձ դարձան հետագայում ամբողջացված և առանձին գրքերով հրա­տարակված էպիստոլյար-հրապարակախոսական բնույթի նրա աշխա­տությունների համար։
         1865 թ. Մամուրյանը վերադառնում է հայրենի Զմյուռնիա, որտեղ ստանձնում է Մեսրոպյան վարժարանի տեսչի պարտականություննե­րը, անմիջապես վերակառուցում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները, մտցնում բնական գիտությունների դասավան­դումը, ավելացնում ուսուցվող լեզուների քանակը, դպրոցից «հանում է» խստագույն պատիժները, հատկապես ծեծը։ Իր լուրջ համախմբե­լով նշանավոր բնափիլիսոփա Գ. Կոստանդյանին, «Շաղիկ» տասնօր­յա հանդեսի խմբագիր Գր. Չիլինկիրյանին, նշանավոր մանկավարժ Գ. Բաբազյանին, բանաստեղծ ու թատերագետ Ա. Հայկունուն, Մամուր­յանը գաղթօջախում հիմնում է «Հայ ընթերցատուն», որի անդամները ձրիաբար դասեր էին տալիս կարիքավոր մեծահասակ անգրագետ հայերին, կիրակի օրերին հրապարակային դասախոսություններ կար­դում հասարակական-քաղաքական թեմաներով։
         Արդեն համազգային ճանաչում ստացած մտավորականի բաղձանք­ներից գերագույնն էր ունենալ սեփական պարբերաթերթ և ապա տպա­րան։ 1871 թ. նա հիմնեց «Արևելյան մամուլ» հանդեսը, իսկ 1883 թ.՝ Մամուրյան տպարանը։
        «Արևելյան մամուլը», հիմնադրի խմբագրությամբ, լույս տեսավ 1871– 1900 թթ., այնուհետև շարունակվեց որդու՝ Հ. Մամուրյանի տնօրի­նությամբ։ Հանդեսը եվրոպական տիպի պարբերական էր, շոշափում էր գրական, քաղաքական, բարոյախոսական, թատերագիտական բնույթի հարցեր, զետեղում Արևմուտքի բազմալեզու գրականությու­նից կատարված թարգմանություններ։ 1901 թ. լույս տեսած մահախո­սականում «Մասիսի» թղթակիցը գրում էր. «Արևելյան մամլո» մեջ էր, որ երևան եկավ Մամուրյանի տաղանդը, բազմակողմանի նյութերու, զանազան ճյուղերու վրա գրելու և ամենուն մեջ էլ հաջողելու կարո­ղությունը։ Վեպը՝ ազգային տեսության մը պես մատչելի եղավ իր գրչին, մինչև միևնույն ատեն՝ փիլիսոփայական և ընկերային հարցերու վրա կգրեր նույնքան ձեռնահասորեն, Շահնուրի սրամիտ թղթա ցություններովն էլ միշտ վառ պահելով ընթերցողներուն ուշադրությու­նը։ Մամուրյանը ընդդիմախոսներ և հակառակորդներ ունեցավ իր դեմ, առանց սակայն բնավ տեղի տալու, ու մինչև վերջ անխախտ մնալով իր համոզումներուն մեջ»։
         «Արևելյան մամուլն» անդրադառնում էր Եվրոպայում և Արևելքում ծավալված ազգային-ազատագրական շարժումների պատմությանը, թարգմանաբար հրատարակում Գարիբալդիի, Մաձձինիի, Վաշինգտոնի կենսագրությունները, հայ ժողովրդի ուշադրությունը մտասևեռում սրանց գործելակերպի վրա։ Մամուրյանը, հեռամետ դիտավորություն­ներով, այդ խնդիրներն արծարծում էր, ելնելով իր տառապյալ ժողովր­դի շահախնդրություններից, մտահոգվելով նրա կրթության, լուսավո­րության, ազատագրության, հայոց անկախ պետականության վերստեղծ­ման դժվարին խնդիրներով։ Հանդեսը խմբագրի ապրած դարի երկրորդ կեսի Հայոց պատմության հանրագիտարանն էր, որը, ցավոք, մինչև օրս էլ պատշաճ ուշադրության չի արժանացել։
          Ժողովրդի ազատագրության նախաշեմը համարելով նրա լուսավո­րությունն ու ապա՝ տնտեսական առաջընթացը, Մամուոյանը տաս­նամյակների մանկավարժական  աշխատանքով ջանում էր այդ սկզբունքները արմատավորել հայ մատաղ սերնդի հոգում, նրան գաղափարապես նախապատրաստել ապագա անհավասար գոյամարտերին, որոնց ծանրությունն ու անխուսափելիությունը նա զգում էր դեռևս Բեռլինի վեհաժողովի անարդար որոշումների օրերին։ Նման մտահոգությամբ մեծ մանկավարժը կազմում էր դասագրքեր, ուսում­նական բազմաթիվ ձեռնարկներ, որոնք դասավանդվում էին արևմտա­հայ գրեթե բոլոր դպրոցներում։ 1875 թ. հրատարակվեց Մամուրյանի կազմած «Համառոտ ընդհանուր պատմություն դպրոցաց համար» դա­սագրքի առաջին, իսկ 1877 և 1878 թվերին՝ հաջորդ երկու մասերը։ Այդ դասագրքից առանձնացնելով, ապա մշակելով, համալրելով Հայոց պատմությանը վերաբերող հատվածները, 1887 թ. հրատարակեց մեր ժողովրդի պատմությանը վերաբերող մի նոր աշխատություն, որը կա­րելի է համարել արևմտահայ դպրոցի համար կազմված, այդ առար­կայի անդրանիկ, ամբողջական ձեռնարկը։
          1876 թ. լույս տեսան նրա կազմած «Մանր վեպեր ու դասեր քաղ­ված տղայոց համար» պատկերազարդ ընթերցարանը, 1878-ին՝ «Բա­նալի հայերեն շարադրության», 1879 ին՝ «Գիտելիք, թե պարտիք տղա­յոց համար»։ Նրա հեղինակությանն են պատկանում նաև «Նոր ընթեր­ցարան տղայոց համար» (1878), «Առաջին ընթերցարան պատկերա­զարդ» (1ՑՑՑ), «Իրավաբանություն կամ տղոց աչքն ու ականջը կրվե­լու եղանակը» (1884), «Տարերք առողջաբանության աղջկանց դպրոց­ներ ու համար» (1885), «Առտնին տնտեսություն» (1890) և բազմաթիվ այլ դասագրքեր։
          Իր ստեղծագործական   բեղմնավոր կյանքի ամենաարգասաբեր ժամանակը Մամուրյանը նվիրեց թարգմանական գրականության ստեղծմանը։ Նա տիրապետում էր թուրքերենին, հունարենին, արաբե­րենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, իտալերենին, կար­դում և հասկանում էր ռուսերենով գրված ստեղծագործությունները։ Ուստի, սկսելով թարգմանության աշխատատար պրոցեսը, Մամուրյա­նը նպատակ ուներ հայ ընթերցողին ծանոթացնել համաշխարհային գրականության կոթողներին, նրա մեջ կարդալու ճաշակ զարգացնել, ամենակարևորը նպաստ բերել աշխարհաբար լեզվի մշակմանն ու արմատավորմանը։
           Նա ֆրանսիական գրականությունից թարգմանեց և արժեքավոր ու արժեքավորող առաջաբաններով հրատարակեց Վոլտերի «Զատիկը», «ճերմակն ու սևը», «ժանոն և Քոլեն», Ա. Դյումայի «Ամուրին», «Քսան տարի ետք», «Երեք հրացանակիրք», «Պրժալոն Դերկոմսը», ժյուլ Վեռնի «Աշխարհի շրջանն ութսուն օրվա մեջ», «Խորհրդավոր կղզին», Բոմարշեի «Սևիլյան սափրիչը», Աբբայի «Անիծյալը», Շանֆլեորի «Մանկտիք», ժուլիան Գլասկոյի «Հիշատակք Սիպերիականի մը» և շատ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Անգլիական գրողնե­րից թարգմանել է Վ. Ակոտի «Այվենգոն», Ի. Մերվիլի «Ամուրիի մը երազները կամ սրտի գիրք մը», Մարի Կորելիի «Իմ զարմանալի կինս», Ֆ. Հյումի «Բեքերտվիլի առեղծվածը»։
          Գերմանական գրականությունից թարգմանել է Գյոթեի «Վերթերը», Լեսինգի «Նաթան իմաստունը»։ Մամուրյանի թարգմանած արաբա­կան «Հազար ու մի գիշերը» հրատարակվեց վեց փոքրածավալ հա­տորներով, որոնք հետագայում ունեցան ևս երեք հրատարակություն­ներ։ Թարգմանիչն ազատ թարգմանությամբ հայացրեց Լև Տոլստոյի գործերից առանձին հատվածներ և դրանք հանձնեց հայ ընթերցողի ուշադրությանը։
          Մամուրյանի ստեղծագործության գլուխգործոցներն են հանդիսա­նում երեք աշխատությունները, որոնց էջերում էլ նա զարգացրել է իր տեսակետները Հայկական հարցի, հայ ազատագրական շարժման, ապագա հայկական անկախ պետության պետական կառուցվածքի, աշխարհաբար համազգային լեզվի ձևակերպման, հայ ժողովրդի քա­ղաքական կողմնորոշման և այլ խնդիրների մասին։ Դրանցից առաջի­նը «Հայկական նամականին» էր, որը հրատարակվեց Զմյուռնիայում 1872 թ.։ 1880 թ. նույն Զմյուռնիայում լույս տեսավ նրա «Անգլիական նամականի կամ հայու մը ճակատագիրը» աշխատությունը, որը հայ փիլիսոփայական և տնտեսագիտական գրականության փայլուն նմուշ­ներից էր։
          Մ. Մամուրյանի գրական ժառանգության, առավել ևս՝ «Արևելյան մամուլում» հրատարակած բոլոր գործերից առանձնանում է «Աև լեռին մարդը» պատմավեպը, որը 1871 թ. սկսած, հատվածաբար տպագրվեց նույն պարբերականի էջերում և որը, դժբախտաբար, մնաց անավարտ։ Վեպի համար նյութ է ծառայել Արևելյան Հայաստանի միակցումը Ռուսաստանին և դրան հաջորդող ցարիզմի վարած ազգային-գաղութային քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Վեպի առաջին մասում հեղինակը վառ գույներով է նկարագրում հա­յության քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստան, նրա խան­դավառ ու ռոմանտիկ այն հույսերը, թե պարսկական լուծը թոթափելուց հետո Այրարատյան աշխարհում կծածանվի հայոց անկախության դրոշը։
           Նիկոլայ Առաջինը և Պասկևիչը դրժեցին Ներսես Աշտարակեցուն իրենց տված խոստումը : Գրավված Արևելյան Հայաստանը ընդգրկվեց ռուսական կայսրության կազմում, դարձավ նրա կովկասյան գաղութ­ներից մեկը։ Այդ պարագան նկատի ունենալով, Մամուրյանն իր վեպի երկրորդ մասն ուղղում է Ռուսաստանի դեմ, գեղարվեստական վարպե­տությամբ ցույց տալիս ժողովրդի հուսախաբությունը, նրա ապստամ­բությունը Հյուսիսային արծվի մագիլներից ազատվելու համար, պայ­քար, որը վերջանաք է հայերի պարտությամբ։ Գրական ուշագրավ երկ լինելուց առավել «Սև լեռին մարդը» 19-րդ դարի վերջին երեսնամյակի հայ դեմոկրատական մտքի պատմության նշանավոր մի հուշարձան է։
          Մամուրյանն իր ստեղծագործական բեղմնավոր կյանքը եզերեց  ինքնակենսագրական հարուստ նյութերի գրառմամբ, որոնք «Իմ հու­շագրերը» վերտառությամբ հրապարակվեցին անցյալ դարի վերջալույսին, ինչպես նաև մեծ մտածողի կյանքի մայրամուտից քիչ առաջ։ 1901 թ. հունվարի 2(15)-ին, կյանքի ութերորդ տասնամյակի նախաշե­մին, վախճանվեց հայ մեծ լուսավորիչ և դեմոկրատ Մատթեոս Մւսմուրյանը։ Կես դար հարատևող գրական ու հրապարակախոսական ծա­ռայությունների համար նա «Իբրև վարձք ուրիշ բան չպիտի խնդրեր, եթե ոչ որ խնդրեց՝ ընկերային և քաղաքական փոթորիկներին անցնող մեծ բանաստեղծ մը՝ Հայաստանի մեջ շիրիմ մը»։
          Դաժան ճակատագրի բերումով Հայոց երկնակամարի տակ մեծ երախտավորը գերեզմանաթումբ չունեցավ։ Հայաստանի սրբազան հողում նրան հուշարձան չկառուցվեց,   բայց ոչ հայ ժողովրդի մեղքով։ Նույնիսկ եղավ հակառակն ու անսպասելին։ 1922 թ. սեպտեմբերին Խորհրդային Ռուսաստանի «մեծ բարեկամ» Մուստաֆա Քեմալը, ավարտին հասցնելով երիտթուրք բորենիների հայասպանության ծրագ­րերի կենսագործումը, հրամայեց վերջին ու անդառնալի հարվածը հասցնել նախորդների գնդակներից ու սրից մազապուրծ այն հայերին, որոնք խմբվել էին Զմյուռնիայի ծովածոցում, հույսի վերջին նշույլը ունենալով, թե եվրոպական նավերով կհեռանան Թուրքիայից և կա­պաստանեն որևէ այլ երկիր։
        Դաժանությանը չափ ու սահման չկար։ Քեմալականները կրակում էին թիկունքից, դեպի անգլիական նավերը ձգվող գաղթականների վրա վերևից եռացող ջուր էր թափվում, հայոց արյամբ կարմրում էին հոնիական ջրերը, հայոց դիակներով ծածկվում էին ծովածոցն ու նավա­մատույցը։ Մեկ օրվա ընթացքում հիմնովին հայազրկվեց Զմյուռնիան, մնացին անթաղ մեռելներ և հայոց գերեզմանատներ։ Քեմալի գիտությամբ ու կարգադրությամբ հայոց դիակներն այրեցին երկնչելով տիֆի համաճարակից, Քեմալի հրամանով հայոց գերեզմանատները քանդեցին, ավերեցին։ Քանդվեց նաև Մամուրյանի գերեզմանը, թուրք խուժանի քարերի տակ ջարդվցին նաև նրա շքեղ մահարձանը։ Հայաս­տանում գերեզման ունենալու երազանք ունեցողը հողում, գերեզմա­նափոսում գոնե հանգիստ ննջելու իրավունքից զրկվեց։
 
Հ. Ղազարյան, Արևմտահայությունը ցեղասպանության նախօրյակին, Երևան 2001 թ.

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 975222
  • Բոլոր այցելուները: 72692
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 305
  • Ձեր IP-ն: 18.204.48.199
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52