Գրականագետ Շավարշ Մուղնեցյանը Ռաֆայել Իշխանյանին մի օր պատմում է հետևյալը։
«Ընկերոջս հետ Ալ առագաստ սրճարանում նստած էի։ Մեր սեղանին մոտեցավ մի ռուս տարեց մարդ՝ Երևանի «Կոմունիստ» ռուսերեն թերթը ձեռքին։ Հարցրեց․
-Կարելի՞ է նստել։
-Իհարկե։
Քիչ անց բացեց թերթը և ցույց տվեց Բակունցի նկարը՝ հոբելյանական հոդվածով։ Ու պատմեց․
-Ես Դնեպրոձերժինսկից եմ, 1937 թվին ծառայում էի այստեղ՝ Երևանում, ներքին գործերի զորքերում։ Ամառվա մի գիշեր մեզ ասացին, որ պետք է կալանավորել տանենք գնդակահարության՝ գրող։ Այսօր առավոտ այս թերթն առա և տեսնելով այս նկարը իսկույն ճանաչեցի, որ այս մարդուն ենք տարել։ Նրան իջեցրինք Զանգու գետի ձորը։ Այնտեղ բահ տվեցինք, որ փոս փորի։ Բաճկոնը կախեց ծառի ճյուղից և սկսեց փորել։ Երբ մեր ասած չափով փոսը փորված էր, մենք հայտնեցինք , որ գնդակահարելու ենք ու հարցրինք՝ «Ո՞րն է ձեր վերջին ցանկությունը»։ Նա ասաց․ «Մի ծխախոտ տվեք»։ Մախորկան փաթաթեցինք լրագրի թերթիկի մեջ տվեցինք իրեն։ Սկսեղ ծխել։ Երբ գլանակը վերջանում էր, գետնից երկու ծղոտ վերցրեց և ծխախոտւ մնացորդը դրանցով շարունակեց ծխել։ Երևի ցանկանում էր կյանքը մի քանի վայրկյանով էլ երկարացնել։ Երբ վերջացավ ծխախոտը, առաջարկեցինք աչքերին շոր կապել։ Հրաժարվեց։ Այստեղ էլ նրան գնդակահարեցինք և թացեղինք իր փորած փոսում։ Այսօր ես թերթում էի տեսա նրա նկարև և կարդացի հոդվածը, իջա նույն ձորը, փորձեցի փնտրել այն տեղը, բայց ապարդյուն։ Ձորը շատ էր փոխվել։
Ռաֆայել Իշխանյան, Մեր ինքնուըթյան գլխավոր նշանը, Երևան, 1991 թ․։