Խաչքարեր

You are here

Ձմեռային այց «Դոլակներ»

       Գավառից մոտ 7 կմ հարավ, Մարտունի տանող ճանապարհի աջակողմյան ափամերձ պատնեշանման հատվածում   գտնվում է «Դոլակներ» կոչվող վայրը: Այն իրենից ներկայացնում է միջնադարյան մի գերեզմանոցից /մոտ 30 խաչքարերով մի քանի տապանաքարերով/ և արևելյան հատվածում հենց ժայռի պռնկին կառուցած միանավ երկթեք /երբեմն նամանատիպ կտրուներին անվանում են սագաշեն/ տանիքովեկեղեցու բաղկացած հնավայր: Ի դեպ եկեղեցին ունի բավականին հետաքրքիր անվանում` Արծվաթռիչք /Ղամլուխի ժամ/: Թերևս անվանումը պատահական չէ, ժառյի հենց վերևից բացվում է «արծվառիչքի» տեսարան, որն իր մեջ ընգրկում է Գեղամա կապուտաչ թագուհի ողջ բնապատկերը:
       Ահա նման պատկեր է բացվում ժայռի եզրից
http://aregnapayl.am/sites/default/files/tour/dolakner%202.jpg

       Ցանկացած վայր, հնավայր այցելելու ժամանակ նախ և առաջ փորձում եմ հասկանալ անվան  բացատրությունը:Բանից պարզվեց «դոլակ» նշանակում է ոչխարների ձմեռանոց, այսինքն անասնապահներն իրենց անասուններին, ոչխարներին ձմռանը պահում էին այստեղ կառուցված գոմերում:

       Այս վայր առաջին անգամ  այցելեցի 2016 թվականի աշնանը: Եկեղեցին տեսնելուն պես /գնում էի Շողագավանք, ճանապարհից պարզ երևում է/ մտածեցի` հաստատ հնավայր է ու շատ խաչքարեր կլինենsmiley: Չսխալվեցի: Վերևում ինձ էին սպասում մի քանի տասնյակ խաչքարեր, եկեղեցի, ու անասելի գեղեցիկ տեսարան: Քանի որ շտապում էի,  նորմալ չնայեցի, քիչ նկարեցի, այդ իսկ պատճառով նոր տարվա նախաշեմին որոշեցի լրացնել բացը:

Վերև բարձրանալու համար կա մի քանի տարբերակ: Մատուռից քիչ հարավ կա ճանապար, կարելի է բարձրանալ նաև ուղղակի հենց մատուռի ներքև ընկած հատվածից, որը բավականին դժվար է՝ ժայռի թեքությունը հասնում է  70-80 աստիճանի: Ճիշտն ասած, քանի որ մեքենան կանգնեցրել էի հենց այս մասում, որոշեցի /կարելի է ասել ալարեցի գնալ ավելի հեշտ ճանապարհով/ բարձրանալ հենց խիստ թեք մասով smiley: Դժար էր, բայց հաճելի, մի քիչ էլ ձյունոտ և սառը:


 

Ճիշտ է եղան պահեր, երբ «ցանկություն» առաջացավ ընկնելու, բայց դե որոշեցի հանուն խաչքարերի բարձրանալ:

       Ուրեմն, բարձրացա մատուռի և հին գերեզմանացի հենց կենտրոնում՝ իրար միջև եղած հեռավորությունը մոտ 200 մետր է: Որոշեցի առաջնահերթ գնալ հին գերեզմանատան խաչքարերի մոտ:

Միանգամից ասեմ, ինձ սպասվում էր մի ֆանտաստիկ տեսարանsurprise, ձմեռային Սևանա լճի հորիզոնի հովանու տակ անկրկնելի «հանգիստ»: 

       Իհարկե, ձանձրալի կլինի հատ- հատ ներկայացնել բոլոր խաչքարերը, բայց մի երկուսին կանդրադառնամ:
        Նախ, չհասած գերեզմանոց, աչքիս զարնեց անմշակ քարից կերտված խաչքար, որը թերևս 9-րդ դարի է:
        Ահա նա: վերևում լայն, ներքևում նեղ միայն արևմտահայաց հատվածում մշակված «խաչապատված» կոթողը: Ասել թե խաչքարը զուսպ է, կնշանակե ոչինչ չասել: պարզագույն, գնդիկներով վերջացող չհարդարված, վերևի մասում երկու՝  մեծ խաչի նման փոքրիկ  խաչերով խաչքար: Այդուհանդերձ կոթողի գեղեցկությունը հենց իր պարզության մեջ է:

       Լինելով Քիրամի /16-րդ դարի վերջին քառորդ-17-րդ դարի առաջին տասնամյակ/ արվեստի մեծ սիրահար, փորձում եմ հնարավորինս շատ ուսումնասիրել նրա կերտած խաչքարերը, որոնցից մեկը գտա հենց այստեղ` ճիշտ է ` երկատված: Նրա արվեստը այնքան յուրահատուկ է, որ հնարավոր չէ չտարբերել, եթե նույնիսկ այն ստորագիր չէ: Այս խաչքարը Քիրամը կերտել է իր արվեստի գագաթնակետին միաժամանակ՝ մայրամուտին` 1606 թ.:Թերսև առիթ կլինի առանձին խոսել Քիրամի արվեստի մասին, բայց դա հետո, անորոշ ապագայում:

       Գեղեցիկ է նաև  15-րդ դարի այս խաչքարը, ավելի ճիտ նրանով կազմված բնապատկերը` Սևանա լճի հովանու ներքո

      Նկարելու պահին լսեցի ինքնաթիռի ձայն...նայեցի վերև ու անչափ պարզ ու կապուտակ երկնքում սպիտակ հետագծով, սպիտակ ինքնաթիռ․ իրոք գեղեցիկ է:

Այս հատվածի խաչքարերը զննելուց, նկարելուց հետո հայացքս հառեցի դեպի եկեղեցի: Ինչպես վերը նշեցի, եկեղեցին գտնվում է գերեզմանատանից մոտ 200 մետր հարավ: 

Այս փոքրիկ, միանավ եկրթեք տանիքով եկեղեցին ըստ արևելյան պատի արձանագրության  կառուցել է Ինան 1231թ․՝ ի հիշատակ իրեն և կողակցին՝ Սանգտուխտին:  Այս և այլ արձանագրությունների մասին կարող եք ծանոթանալ Դիվան հայ վիմագրության 4-րդ հատորի համապատասխան բաժնում, ահա և հղումը՝  http://serials.flib.sci.am/openreader/vimagrutyun_4/book/index.html#page... : Ի դեպ արձանագրոթյունից երևում է, որ այս բյնակավայրը ժամանակին կոչվել է Ագարակ:

Հատկապես տպավորիչ է եկեղեցու մուտքի վերին հատվածը, գեղեցիկ խաչ, ամփոված համաչափ ու ոչ պակաս գեղեցիկ զարդանախշված  կամարի մեջ: Հետաքրքիր է նաև փայտե դուռը՝ Քրիստոսի խաչելության պատկերաքանդակով՝ դրան էլ անվանենք «ամենափրկիչ դուռ»: 

Քանի քանի մարդիկ են բացել այս դուռը՝ մեկը իր բողոքը, մյուսը իր ցանկությունը, ցասումը, կամ էլ գոհունակությունը հայտնելու համար: 
Ցավալի է, բայց կարծես բնական, ականատես եղա մի բանի, որը չպիտի լիներ: Ինչ որ մեկը իր սիրո բանաձև գրել էր գմբեթարդի /ճարտարապետներ կասեն կոնխ/ վրա: Այլ տեղեր էլ կային նման խզբզանքներ, հույս կա որ դրանք մի օր կանհետանան:

Եկեղեցու արևմտյան ճակատի գծով հյուսիսային և հարավային կողմերում կային 10-ից ավել խաչքարեր, իսկ դիմային մասում տապանաքարեր: Թերևս մեծատոհմիկների համար գերեզմանատուն է եղել: Ահա խաչքարերից երեքը, թերսև 14 -րդ դարի: Ընդ որում երկուսը կանգեցված են մեկ ընդհանուր զանգվածեղ պատվանդանի վրա:

Ահա միակ արձանագիր տապանաքարը: Արձանագրությունը վկայում է, որ այն տեղադրվել է ի հիշատակ մեկ օրում մահացած երկու եղբայրների համար:

Հետո թեքվեցի եկեղեցու հյուսիսային կողմը և նորից հայացքս հառեցի Սևանա լճին: Փորձեցի պատկերացնել, թե ինչպի՞սին է եղել Սևանա լիճը մինչև ջրի մակարդակի իջեցումը, ավաղ երևակայությունըս չհերիքեց: Բայց մի բան հաստատ է, ափամերձ հարթությունը ջրածածկ է եղել: Ինչևէ, Սևանա լճի ջրի տատանումները առանձին թեմա է, մի գուցե մի անգամ էլ դրան անդրադարձ կլինի: Ի դեպ, սա Սևանի ամենանեղ հատվածն է, որտեղ «հատվում են» մեծ և փոքր Սևանները:

Հասավ ժամանակը իջնելու: Այս անգամ ընտերցի դյուրին ճանապարհը: Իջնելուց տեսա այս խաչքարը, նա ընկած  է, բայց դեռ պայքարում է գոյության համար:

Մի բան ևս: Այստեղի հողերը կարծես մեծ գաղտնիք են պարունակում իրենց մեջ: Ասել կուզե, այստեղ կյանք  է եղել անհիշելի ժամանակներում: Դրա մասին ենթադրել  է տալիս կիկլոպյան պարսպի պահպանված հետքերը:  Պարզ ու հստակ նկատելի է խոշոր քարերի ուղիղ դասավորությունը: Մի գուցե այդպես չէ, ուղղակի ես եմ ուզում այստեղ հնավայր տեսնել: Այս հարցին միայն հնագետները կարող են պատասխանել: 

Դատեք ինքներդ, իսկ ժամանակ ունենալու դեպքում այցելեք, չեք փոշմանի smiley: Իզուր չեն ասել, ավելի լավ է տեսնել մեկ անգամ, քան լսել բազում անգամ

Այսքանով ավարտենք մեր ձմեռային արշավիկը դեպի այս գողտրի վայրը: Լիահույս են, որ ինձ հետ մասնակից եղաք այս ճափորդությանը և դուք փոքրիկ տեղեկություն քաղեցիք Գեղարքունիքի ոչ այնքան հայտնի վայրի մասին: Հարգանքներով Ա․ Ս: Մինչև նոր հանդիպում Հայաստանի ինչ որ անկյունում:
 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 975232
  • Բոլոր այցելուները: 72692
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 305
  • Ձեր IP-ն: 18.204.48.199
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52